Ճի՞շտ է արդյոք գիշերը արթնացնել երեխային կուրծք տալու համար

Հարց.

Փոքրիկս 6 շաբաթական է: Կերակրման առաջին իսկ օրվանից գիշերը 4 ժամը մեկ զարթուցիչ եմ դնում: Սովորաբար մինչև զարթուցիչի խփելն արթնանում է, բայց երբեմն 4 ժամից ավել է քնում, և ես արթնացնում եմ, որպեսզի ուտի: Ճի՞շտ է շարունակել այդպես, թե՞ ավելի լավ է սպասել, մինչև երեխան կարթնանա: Որքա՞ն ընդմիջում կարող է լինել կերակրումների միջև, և արդյո՞ք դա կարող է վնասել իմ կաթնարտադրությանը: 

Պատասխան.

Հաճախ են մայրերին հորդորում արթնացնել նորածիններին և կերակրել,  և սա իր հիմնավորումն ունի: Հայտնի է, որ նորածինները քնում են կերակրումից կերակրում, և կարելի է ենթադրել, որ քնող երեխան կուշտ, բավարարված երեխան է: «Ըստ պահանջի» կերակրումն սկսում է այն ժամանակ, երբ երեխան արդեն մի քանի շաբաթական է, վերադարձել է իր ծննդյան քաշին, և մոր կաթնարտադրությունը կայունացել է: Երկու շաբաթականից մեծ առողջ երեխան չի քնում կերակրումից կերակրում. նա հաստատ ձեզ «տեղյակ կպահի», երբ քաղցած լինի: 

Երբ նա սկսի կայուն կերպով քաշ հավաքել, իսկ ձեր կաթնարտադրությունն էլ կարգավորվի, կարող եք  թողնել, որ երեխան որոշի կերակրման հաճախականությունը: Ամենևին էական չէ, թե արդյոք երեխան կուրծք է ուտում երկու կամ չորս ժամը մեկ, կամ մեկ կուրծքն է ուտում, թե երկուսը, կամ 30 րոպե է ուտում, թե հինգ, եթե կա լավ միզարտադրություն, երեխան կեղտոտում է և քաշ է հավաքում: 

Բոլոր երեխաներն էլ ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծացնում են մի կերակրումից մյուսի միջև ընկած ժամանակահատվածը 2-3 ժամից մինչև 4-5 ժամ, ավելի ուշ մինչև 6-8 ժամ և ավել: Գիշերն առանց արթնանալու քնի «պաշտոնապես» ընդունված տևողությունը 5 ժամ է: Կլինեն երեխաներ, որոնք այլ երեխաների հետ համեմատած ավելի շուտ կհասնեն «ամբողջ գիշերն առանց արթնանալու քնելու» կախարդական փուլին: Մարդու օրգանիզմը զարմանալի կերպով հարմարվող է, և եթե երկարատև քնին անցումն աստիճանաբար լինի, ձեր կրծքերը կպատասխանեն արտաքին ազդակի հաճախականության նվազմանը` ավելի քիչ կաթ արտադրելով, հետևաբար կուրծքը ավելի քիչ կլցվի: Ինչպես որոշ մայրերի կաթը ավելի շատ է հոսում, քան մյուսներինը, այնպես էլ որոշների մոտ կուրծքն ավելի շատ է կոշտանում, երբ լցվում է, քան մյուսներինը: 

Եթե կրծքերն այնքան են լցվել, որ կաթնածորանները կարող են խցանվել, ծանրությունը մեղմելու համար մայրիկի մոտ կուրծքը տաքացնելու և կաթը կթելու ցանկություն կարող է առաջանալ: Բայց չի կարելի շատ կաթ դատարկել, որովհետև այդ դեպքում կրծքին ավելի շատ կաթ արտադրելու ազդակ կուղարկվի: Կերակրող մայրերը կնկատեն, որ որքան մեծանում է կերակրման միջև դադարը, այնքան փափուկ են դառնում կրծքերը և ավելի ուշ քարանում: 

Կուրծք ուտող երեխաները կկարգավորեն իրենց ուտելու չափաբաժինը: Բոլոր երեխաներն էլ որոշակի տարիքից ամբողջ գիշեր քնում են, և կաթնարտադրությունը կկարգավորվի ըստ ուտելու պահանջի: Եթե կաթնարտադրությունը քչանա, երեխան կսկսի ավելի շատ ուտել, որպեսզի վերականգնի այն: 6 շաբաթական երեխայի դեպքում, ով կերակրման դադարներն աստիճանաբար մեծացնում է, կարիք չկա զարթուցիչ դնել: Պարզապես պետք է թուլանալ և ենթարկվել երեխայի կողմից կառավարվող քնի և կերակրման հերթացուցակին: 

Թարգմանված է `https://www.breastfeedingbasics.com/qa/wake-six-week-old-baby-nurse-night

Թարգմանեց` Մարինե Օվեսյանը

© «katik.am». կայքի նյութերն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «katik.am»-ին պարտադիր է:

 

Share on Facebook0Tweet about this on TwitterShare on Google+0Email this to someone

Leave a Comment