Ի՞նչով լվանալ երեխաների հագուստը

Մանկական լվացքի փոշի ընտրելիս մենք հաճախ նայում ենք, որ արտադրանքի տուփի վրա նշված լինի «մանկական» բառը: Շատ ծնողներ խաբնվում են ապրանքի արտաքին տեսքին. եթե տուփի վրա գրված է, որ լվացքի փոշին մանկական է, ինչպես նաև նկարված է շատ գեղեցիկ նապաստակ կամ արջուկ, ծնողը հաճախ չի էլ խորանում տվյալ արտադրանքի բաղադրության մեջ: Այնինչ իրականում շուկայում առկա են բազմաթիվ մանկական լվացքի փոշիներ ու հեղուկներ, որոնք պարունակում են նույնքան վտանգավոր տարրեր, որքան սովորական լվացքի փոշիները: Եվ հակառակը, գոյություն ունեն օրգանական ու բուսական ծագման այնպիսի լվացքի միջոցներ, որոնց վրա ամենևին նշված չէ, որ դրանք նախատեսված են հենց մանկական հագուստի համար, սակայն դրանցով կարելի է լվանալ ընտանիքի բոլոր անդամների հագուստը, այդ թվում` երեխաներինը, քանի որ դրանք չեն պարունակում վտանգավոր տարրեր:

Երեխաների հագուստը լվանալու համար փոշի, հեղուկ կամ օճառ ընտրելիս առաջին հերթին պետք է ուշադիր լինել դրանց բաղադրությանը: Առաջինը պետք է ուշադրություն դարձնել բաղադրիչների քանակի վրա: Եթե նշված են քիչ թվով քիմիական նյութեր, ապա սա արդեն անհանգստանալու առիթ է, քանի որ նման տարրերը սովորաբար բաղկացած են լինում բազում այլ քիմիական տարրերից, և արտադրողը հաճախ խուսափում է դրանք նշելուց, այնինչ այդ տարրերից շատերը կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության համար:

Վտանգավոր տարրեր, որոնք չպետք է լինեն մանկական լվացքի միջոցների բաղադրության մեջ

 

Վատ բաղադրություն ունեցող լվացքի միջոցները կարող են լուրջ վնաս հասցնել երեխայի առողջությանը: Շատ ծնողներ, երեխայի դեմքին ու մարմնին հայտնաբերելով բշտիկներ ու ցան, դրանք վերագրում են սննդին կամ ջրին, որոնք ստանում է երեխան կամ նորածնին կրծքով կերակրող մայրը: Այնինչ պատճառը մեծ մասամբ սխալ ընտրված լվացքի միջոցներն են կամ մանկական կոսմետիկան: Եկեք տեսնենք, թե որ տարրերն են հատկապես վտանգավոր և որոնք չպետք է լինեն մանկական լվացքի միջոցների բաղադրության մեջ:

  • Ֆոսֆատներ (Eng.-Phosphates, Рус.-фосфаты) և  EDTA

Ֆոսֆատներն աղտոտում են մաշկի ծակոտիները և խախտում նրա պաշտպանիչ ֆունկցիան` ազդելով իմունիտետի վրա: Ֆոսֆատներն անգամ կարող են ազդել երիկամների ու լյարդի ֆունկցիայի վրա, խախտել նյութափոխանակության գործընթացը: Որոշ մանկական լվացքի միջոցներում ֆոսֆատները փոխարինում են ֆոսֆոնատներով, որոնք նվազ վնասակար են, սակայն որոշակի պայմաններում կարող են վերածվել ֆոսֆատների: Ֆոսֆատները նաև մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին և էկօհամակարգին, քանի որ չեն տրոհվում: Ֆոսֆատների անվտանգ փոխարինիչ է նատրիումի կարբոնատը:

  • Մակերևութային ակտիվ նյութեր (ՄԱՆ, Eng.-Surfactants, SLS, SLES, SDS, sulfates, Рус.-ПАВ)

Այս նյութերի քանակը լվացքի միջոցների մեջ չպետք է գերազանցի 35%-ը: Դրանք ազդում են ներքին օրգանների վրա և առաջացնում են մաշկի էկզեմա, ցան, դերմատիտ և այլ մաշկային խնդիրներ: Եթե լվացքի միջոցը չափազանց շատ է փրփրում, դա ցույց է տալիս, որ ՄԱՆի քանակը նրանում գերազանցում է թույլատրելի նորմաները: Մանկական լվացքի միջոցները չպետք է շատ փրփրեն: Վերոնշյալ նյութերի ֆունկցիան լաքաների «հայտնաբերումն» է ու հագուստի գործվածքի ու լաքաների միջև կապը քանդելը: ՄԱՆերի վնասակարությունը գիտականորեն ապացուցված է. դրանք վատ են ազդում կենդանի բջիջների վրա և օրգանիզմ են ներծծվում մաշկի միջոցով:

Լվացքի միջոցների բաղադրությունը կարդալիս ուշադրություն դարձրեք, որ նրանցում առկա չլինեն հետևյալ վտանգավոր քիմիական ՄԱՆերը` quaternium-15 (քաղցկեղածին նյութ), diethanolamine (ազդում է լյարդի վրա, գրգռում է աչքերի լորձաթաղանքն ու մաշկը), nonlphenol ethoxylate կամ NPE (ազդում է նյարդային համակարգի վրա, առաջացնում է հորմոնալ խնդիրներ), linear alkyl benzene sulfonates կամ LAS (տոքսիկ քաղցկեղածին նյութ), petroleum distillates (առաջացնում է թոքերի քաղցկեղ):

  • Սուր հոտը

Իհարկե, հաճելի է, երբ լվացված հագուստը լավ բույր ունի, սակայն չափազանց սուր հոտը երեխաների մոտ կարող է առաջացնել շնչառական խնդիրներ ու ալերգիկ ռեակցիաներ: Անբարեխիղճ արտադրողները լվացքի միջոցների վրա նշում են միայն Fragrance բառը, այսինքն` բուրավետ նյութ, սակայն չեն բացում փակագծերը և չեն հիշատակում, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում տվյալ բուրավետ նյութի մեջ և ինչ չափաբաժնով: Այնինչ տվյալ նյութերը կարող են շատ վտանգավոր լինել: Հիպոալերգիկ լվացքի միջոցները անհոտ են կամ ունեն շատ թույլ բույր: Թանկարժեք և բարձր որակ ունեցող միջոցներում քիմիական բուրավետ նյութերը փոխարինվում են բնական յուղերով:

  • Փափկեցնող նյութեր` լվացքի կոնդիցիոներ

Այս նյութերը մնում են հագուստի վրա անգամ մի քանի անգամ պարզաջրելուց  հետո` առաջացնելով ալերգիա: Ընդհանրապես արգելվում է լվացքի կոնդիցիոներ օգտագործել մինչև երեք տարեկան երեխաների հագուստը լվանալիս: Երեք տարեկանից հետո կարելի է օգտագործել մանկական կոնդիցիոներ, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ նրանում առկա ՄԱՆերը լինեն բուսական ծագման, իսկ այնպիսի վտանգավոր նյութեր, ինչիպիսին են բենզիլ ացետատը, պենտանը, էթանոլը և լինալոլը պետք է ընդհանրապես բացակայեն:

  • Կայունացուցիչներ

Այս քիմիական նյութերը կայունացնում են լվացքի միջոցների բաղադությունը, որի շնորհիվ դրանք երկար են պահպանվում: Դրանցից polyalkylene oxide-ը կամ ethylene oxide-ը կարող են առաջացնել աչքի լորձաթաղանթի բորբոքում և դերմատիտ:

  • Հագուստի գույները վառ դարձնող նյութեր

Դրանցից են naphthotriazolystilbenes, benzoxazolyl, diaminostilbene disulfonate: Այս նյութերը շատ դժվարությամբ են պարզաջրվում հագուստի վրայից և շփվում են մաշկի հետ:

Նյութեր, որոնք թույլատրելի են մանկական լվացքի պարագաների բաղադրության մեջ

 

Եկեք ուսումնասիրենք նաև, թե որ նյութերն են թույլատրելի մանկական լվացքի պարագաների բաղադրության մեջ:

  • Օճառ,

  • Նատրիումի կարրբոնատի պերօքսիդ,

  • Թթվածնային հիմքով լաքահանիչներ,

  • Ցեոլիտներ

    (Eng.-Zeolites, հրաբխային ծագման բնական հանքանյութեր, որոնք պարզաջրելուց մնում են հագուստի վրա, սակայն ի տարբերություն սինթետիկ կոնդիցիոներների` ոչ մի վնաս չեն հասցնում),

  • Ֆերմենտներ,

որոնք ստացվում են առանց գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի օգտագործման և որոնք օգտագործվում են որպես լաքահանիչ:

Լաքահանիչ նյութերը լինում են երեք տեսակի` թթվածնի ու քլորի հիմքով պատրաստված, ինչպես նաև օպտիկական: Օպտիկական լաքահանիչները մնում են հագուստի մակերևույթի վրա և ստեղծում են ճերմակության էֆեկտ, այսինքն` ծածկում են կեղտաբիծը առանց այն լիովին վերացնելու, սակայն մանկական հագուստի դեպքում ոչ միայն արդյունավետ չեն, այլ նաև վնասակար: Ցավոք, մեր շուկայում առկա գրեթե բոլոր մանկական լվացքի միջոցներում պարունակվում են օպտիկական լաքահանիչներ: Դրանք, ինչպես արդեն նշվեց, մնում են հագուստի մակերևույթի վրա և անմիջականորեն շփվում են երեխայի մաշկի հետ: Որակյալ լվացքի միջոցներում օգտագործվում է նատրիումի կարբոնատի պերօքսիդ, որը բավականին լավ է վերացնում հատկապես մեզից և կղանքից առաջացած կեղտաբծերը: Որպես լաքահանիչ կարող է օգտագործվել նաև ջրածնի պերօքսիդը, որը նաև սպանում է վնասակար բակտերիաները:

Տարբեր երեխաներ կարող են տարբեր կերպ արձագանքել այս կամ այն լվացքի միջոցին, սակայն խելամիտ է ընդհանրապես խուսափել վնասակար նյութեր պարունակող միջոցների օգտագործումից: Լավագույն տարբերակը օճառային հիմքով լվացքի միջոցներն են: Այդ պատճառով շատերը հատկապես նորածին երեխայի հագուստը նախընտրում են լվանալ սովորական մանկական օճառով կամ օճառի քերուքը լցնել լվացքի մեքենայի մեջ: Օճառային լուծույթի հիմքով պատրաստված միջոցները նուրբ են լվանում հագուստը, չեն փչացնում այն ու անվտանգ են մաշկի համար: Սակայն օճառն էլ ունի իր թերությունները: Այն կարող է մնալ հագուստի մանրաթելերում և կանխել օդի ներթափանցումը, ինչի հետևանքով երեխայի մաշկը կարող է չորանալ: Խորհուրդ չի տրվում օգտագործել սովորական կենցաղային օճառ, քանի որ շատ երեխաների մոտ այն ալերգիա է առաջացնում:

Պետք է ուշադրություն դարձնել, որ լվացքի միջոցի վրա նշված լինի «հիպոալերգիկ» բառը, որը նշանակում է, որ այն անցել է փորձարկում և երեխաների մոտ չի առաջացնում ալերգիա:

Պետք է ուշադիր լինել, որ արտադրանքը չլինի կեղծ, քանի որ մասայական սպառման այնպիսի պարագաներ, ինչպիսին է լվացքի միջոցը, հեշտությամբ կեղծվում են տարբեր երկրներում և հայտնվում խանութներում: Նպատակահարմար է լվացքի միջոցները գնել խոշոր սուպերմարկետներից կամ մասնագիտացված խանութներից, որոնք հիմնականում իրենք են ներմուծում արտադրանքը հենց արտադրողից:

Որակյալ լվացքի միջոցներում օգտագործվում են բուսական էքստրակտներ ու օճառային լուծույթ, որոնք բավականին հեշտ են պարզաջրվում և չեն մնում հագուստի վրա: Անգամ մի փոքր մնալու դեպքում այս նյութերը լիովին անվտանգ են: Բացի այդ, օրգանական նյութերն ու բուսական էքստրակտները վնաս չեն հասցնում բնությանն ու շրջակա միջավայրին` ի տարբերություն ծանր քիմիական նյութերի:

Լվացքի փոշիների և հեղուկների տարբերությունը

 

Հարկ է նշել նաև լվացքի փոշիների և հեղուկների տարբերության մասին: Փոշիները ավելի դժվար են պարզաջրվում, իսկ հեղուկները հակառակը` իրենց կոնցենտրացված բաղադրության շնորհիվ շատ հեշտ են պարզաջրվում և համարվում են ավելի հիպոալերգիկ: Բացի այդ, հեղուկ նյութերով կարելի է նախապես մշակել երեխայի հագուստի վրա առկա լաքաները, որը բարձրացնում է տվյալ նյութերի արդյունավետությունը: Հեղուկ նյութերը նաև ավելի կոնցենտրացված են ու ավելի երկար են ծառայում, քան փոշիները, քանի որ մեկ լվացքի համար շատ ավելի քիչ քանակությամբ հեղուկ է անհրաժեշտ օգտագործել, քան փոշի:

Ամերիկյան և ասիական երկրներում շատ են օգտագործվում օճառային ընկույզները: Դա բույս է, որը նման է պնդուկի, արդյունավետ պայքարում է տարբեր տեսակի կեղտաբծերի դեմ, չի խամրեցնում հագուստի գույնը, չունի հոտ և հագուստը դարձնում է փափուկ: Կես կիլոգրամ նման ընկույզները բավարար են մոտ 80 լվացումների համար: Ընկույզները դրվում են անմիջապես լվացքի մեքենայի մեջ և ջրի հետ շփման արդյունքում փրփրում են:

Օգտակար խորհուրդներ, որոնք առավել անվտանգ կդարձնեն ձեր երեխայի լվացքը

 

Հարկ է նշել նաև մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք առավել անվտանգ կդարձնեն ձեր երեխայի լվացքը: Ձեռքով լվանալիս մի քանի անգամ լավ պարզաջրեք ու քամեք հագուստը: Լվացքի մեքենայով լվանալիս օգտագործեք կրկնակի պարզաջրման ռեժիմ: Լվացքի մեքենայի ջրի ջերմաստիճանը պարզաջրման փուլում պետք է լինի 50 աստիճանից ոչ ցածր: Եթե դուք կասկածում եք, որ ձեր օգտագործած լվացքի միջոցը պարունակում է վնասակար նյութեր, ապա արդեն լվացված և արդուկված հագուստը խորհուրդ է տրվում չհագցնել երեխային երեք օր, քանի որ այդ ժամանակահատվածում վտանգավոր տարրերի չափաբաժինը զգալիորեն նվազում է:

Եթե դուք խճճվում եք մանկական լվացքի միջոցների ընտրության հարցում, լավագույն տարբերակն է դրանք օրգանական խնամքի միջոցների խանութներից ձեռք բերելը: Նման խանութներում վաճառվող ապրանքը համապատասխանում է անվտանգության ստանդարտներին և համապատասխանաբար սերտիֆիկացված է որպես բնական կամ օրգանական: Հիշեք նաև, որ երեխայի հետ կապված ցանկացած բան գնելիս, լինի դա սնունդ, խնամքի միջոց, թե լվացքի հեղուկ, նպատակահարմար է հենց խանութում ուսումնասիրել դրանց բաղադրությունը: Չէ որ շատ ավելի հեշտ է կանխել խնդիրների առաջացումը, քան վերացնել դրանց հետևանքները:

Այս հարցի քննարկումը մասնագետների և ծնողների կողմից կարող եք կարդալ այստեղ `https://www.facebook.com/groups/693854794063217/

Հոդվածի հեղինակ` Լուսինե Շիրինյան

Օգտագործված աղբյուրներ`

University of Washington, “Toxic Chemicals Found in Common Scented Laundry Products, Air Fresheners,” Science Daily, July 24, 2008, http://www.sciencedaily.com/releases/2008/07/080723134438.htm.

http://www.annmariegianni.com/toxic-chemicals-in-laundry-detergents/

http://mother-top.com/how-to-choose-laundry-detergent-for-infants/

http://mamazanuda.ru/chem-stirat-veshy-dlya-novorojdennogo/

http://o4istote.ru/stirka/sredstva-dlya-stirki/

© «merpoqrike.am». կայքի նյութերն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «merpoqrike.am»-ին պարտադիր է:

Share on Facebook0Tweet about this on TwitterShare on Google+0Email this to someone

Leave a Comment